Արյան բանկին անհրաժեշտ է լրացնել արյան պաշարը Արցախում վիրավորված զինծառայողներին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արյան բանկին անհրաժեշտ է լրացնել արյան պաշարը։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Արյունաբանական կենտրոնի տնօրենի խորհրդական Գևորգ Թամամյանը։
«Ժողովուրդ, անհրաժեշտ է արյուն։ Խնդրում եմ դիմեք Արյունաբանական կենտրոն կամ ձեր մոտակա արյան կայաններ!»,- գրել է նա։
Արյան անհրաժեշտության մասին հայտնել է նաև ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ:
«Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ք. Երևան, Մուրացան 113 յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 14:00-ն»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության:
Արյունատվության նպատակով ՊՆ-ն խնդրում է ներկայանալ այն անձանց, որոնք չունեն խրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ:
Նման հայտարարություն է տարածել նաև ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուրս կարող ենք նպաստել հաղթանակին՝ ապահովելով արյան պաշարների բավարար քանակ: Արյունատվության համար անհրաժեշտ է մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-