Արվում է առավելագույնը 2-ամյա Տիգրանին տիեզերական լուսանկարներով իդենտիֆիկացնելու համար․ նախարար

15.05.2025, 12:41
ԲՏԱ նախարարությունում քննարկվել է տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալու հարցը՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել Մարմարիկում մայիսի 4–ին 2-ամյա Տիգրանի անհետացման օրը
Արվում է առավելագույնը 2-ամյա Տիգրանին տիեզերական լուսանկարներով  իդենտիֆիկացնելու համար․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում քննարկվել է տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալու հարցը՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել Մարմարիկում մայիսի 4–ին 2-ամյա Տիգրանի անհետացման օրը։ 

Այս մասին այսօր ասաց նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։ 

«Քննարկեցինք, որ նյութերը ստանալու պարագայում դրանք փոխանցենք ՆԳՆ գործընկերներին։ Ըստ էության, տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, անգամ ամենաբարձր որակի՝ 30 սմ լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում, կային մասնագետներ, որ չէին բացառում՝ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել մանկահասակ երեխային, կային կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չի լինի։ Սակայն մենք համարեցինք՝ եթե անգամ պարզվի, որ այդ օրը առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք՝ անկախ նրանից՝ տեխնիկապես հնարավոր կլինի՞ իդենտիֆիկացնել, թե՞ ոչ; Մենք առնվանզ պարտավոր ենք հասկանալ՝ կան այդպիսի լուսանկարներ, թե ոչ, և դրանք փոխանցենք մեր գործընկերներին»,- ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

Նա նշեց, որ վերջին 7-8 օրերի ընթացքում շուրջ 20 միջազգային առաջատար ընկերությունների հետ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել։ 

«Սակայն պետք է տխրությամբ ասեմ, որ վերջին լուսանկարները, որ արվել են տվյալ տեղանքում, ապրիլի 26-ին են թվագրվում, ինչը բնականաբար ավելի վաղ ժամկետ է», – ասաց նախարարը։    

«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ հույս ունենալով, որ առաջիկայում, գուցե, այլ ընկերությունների մոտ կարող են լինել տվյալ օրերի լուսանկարներ։ Ուզում եմ վստահեցնել՝ արվում է առավելագույնը»,- նշեց Հայրապետյանը։ 

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 4–ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։

Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։

Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։

Մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային։ Երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։ Փրկարարները Մարմարիկ գետի որոշակի հատվածներում ցանցեր են տեղադրել, որպեսզի ինչ-որ բան կարողանան հայտնաբերել։