ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, այլ ցանկանում է ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը և ազատ կերտել իր ապագան, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով չորեքշաբթի մեկնել է ԳԴՀ մայրաքաղաք Բեռլին, որտեղ նախատեսված են Գերմանիայի գերագույն ղեկավարության հետ նրա հանդիպումները։
ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր` հանգամանորեն անդրադառնալով ԼՂ հակամարտության շփման գծում իրադրությանը:
Կանցլերի հետ ասուլիսում նա նշել է, որ արցախցիներն ուզում են պարզ և հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները, ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ և երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ, և որ նրանք այլ ցանկություն չունեն:
«Արդեն շուրջ երեսուն տարի` 1988-ից ի վեր, նրանք ամեն օր ստիպված են պայքարել այդ ազատության համար, ամեն օր ապացուցել այլ ժողովուրդների հետ իրենց իրավունքների հավասարությունը: Եվ նրանց իրոք հաջողվեց պարտադրված պատերազմի, ապօրինի շրջափակման և փխրուն զինադադարի անվերջ խախտումների պայմաններում անել այդ ուղղությամբ ճիշտ քայլեր»,– նշել է նախագահը, ընդգծելով, որ Արցախի ժողովուրդը միջազգային հանրությունից ակնկալում են միայն մեկ բան` իրայդ իրավունքի ճանաչում:
Բացի ԼՂՀ վերջին օրերի իրադարձություններին անդրադառնալուց, Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետագա քայլերին:
Սերժ Սարգսյանը հայտնել է, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնական այցով կրկին գտնվել բարեկամ Գերմանիայում, որը Հայաստանի համար թե՛ եվրոպական և թե՛ միջազգային հարթակներում արժեքավոր բարեկամ է, հուսալի գործընկեր և հաստատակամ աջակից։ Նա նաև շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար: Հայաստան-Գերմանիա հարաբերությունների օրակարգը չափազանց լայն է:
Ամփոփելով խոսքը` Հայաստանի նախագահը նշել է, որ հայկական կողմը կանի հնարավորը` ի նպաստ Հայաստանի և Գերմանիայի ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման, հույս հայտնելով, որ Գերմանիայի ղեկավարության հետ իր հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում