ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը ֆինանսական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու մասով ավելի վաղ իր կողմից տրված հանձնարարականների ամփոփմանը:
«Խիստ կարևոր էր այս հարցում հասցեական մոտեցումը, համաձայն որի և կայացրել եմ իմ որոշումը: Ըստ այդմ, երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն: Վստահ եմ`կհամաձայնեք, որ սա այն նվազագույնն է, որ մենք պետք է անենք մեր զինվորների ու նրանց ընտանիքների համար»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ըստ նրա, որոշում է ընդւոնվել կրճատել «Էրեբունի–Երևան» տոնակատարության ֆինանսավորումը և տնտեսված միջոցների հաշվին ֆինանսական աջակցություն կտրամադրվի զինծառայողների ընտանիքներին։
Քաղաքապետն ավելացրեց, որ
Արցախի ռազմական գործողություններին մասնակցածների վերջնական ցուցակը հստակեցնելուց հետո կպարզվի, թե որ ընտանիքներն են բնակարան վարձակալում, ինչից հետո նրանք կապահովվեն բնակարաններով։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում