Արտաքնոց նետված նորածինը կենդանածին էր. ձերբակալվել է նրա տատին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

22.11.2017, 20:14
Պարզվել է Բերդում արտաքնոց նետված նորածնի մահվան պատճառը:
 Արտաքնոց նետված նորածինը կենդանածին էր. ձերբակալվել է նրա տատին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պարզվել է Բերդում արտաքնոց նետված նորածնի մահվան պատճառը, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ըստ փորձագետի, պտուղը եղել է կենդանածին, իսկ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածնին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառվել է նորածնի տատի կողմից: Վերջինս այսօր ձերբակալվել է՝ սպանության կասկածանքով:
2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 05:10-ին, Բերդի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ բուժօգնության է դիմել մարզի 1984թ. ծնված բնակչուհին: Պարզվել է, որ Տավուշի մարզի բնակչուհին, գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, սեպտեմբերի 27-ին ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 1960թ. ծնված կնոջ ներկայությամբ։

Նախնական տվյալներով՝ ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկանի մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել հարակից այգում կառուցված արտաքնոցի փոսի մեջ:

Загружается новость ... "Лево"

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` անզգուշությամբ մահ պատճառելը։

Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ։

Քրեական գործով ստացվել է նորածնի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ պտուղը եղել է կենդանածին, իգական սեռի, հասուն և կենսունակ և գտնվել զարգացման 36-38 շաբաթական շրջանում։

«Պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը առաջացել է պտղի պարանոցի օրգանները բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքով և որը հիմնավորվում է պարանոցի շրջանում փափուկ հյուսվածքների և ստորադիր փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, մեխանիկական շնչահեղձությանը բնորոշ թոքերի էմֆիզեմայով, միջալվեոլային պատերի պատռվածքով, բրոնխոսպազմով: Հայտնաբերված նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնցով էլ պայմանավորված է մահը»,- նշված է եզրակացության մեջ։ Ըստ փորձագետների՝ վնասվածքներն առաջացել են շատ կարճ ժամանակահատվածում՝ րոպեներ առաջ: -0-