Արցախում ոչ մեկ չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել. պետնախարարը ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել

13.12.2022, 18:17
Արցախում ոչ մեկ չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել. պետնախարարը ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել
Արցախում ոչ մեկ չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել. պետնախարարը ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ, հաղորդում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ այն բավականին բարդ է, սակայն միաժամանակ վստահություն է հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպված ու համակարգված աշխատանքի միջոցով:

«Ստեղծված բարդ իրավիճակը մեզնից համախմբում է պահանջում. միակ ճանապարհը միասնությունն է: Միայն միասին թիկունք թիկունքի կանգնելով է հնարավոր այս ճգնաժամը հաղթահարել», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Պետնախարարն ընդգծել է, որ չնայած առկա բարդ մարտահրավերներին, չպետք է խուճապի մատնվել և պետք է շարունակել աշխատել համակարգված և պատասխանատու կերպով ՝ յուրաքանչյուրն իր տեղում կատարելով իր գործը: Նա նշել է, որ արցախցիներն արժանապատվորեն են տանում դժվարությունները՝ ցուցաբերելով տոկունություն և ողջախոհություն՝ առանց խուճապային տրամադրությունների տրվելու: Այս տեսանկյունից պետնախարարը կարևոր է համարել իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության տրամադրումը բնակչությանը:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թեև Արցախում մեծ է մարդասիրական ճգնաժամի վտանգը, սակայն ոչ ոք չի պատրաստվում ընկրկել դժվարությունների առաջ:

Խորհրդակցության ընթացքում պետական գերատեսչությունների, վարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ճանապարհի փակման հետևանքով շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները:

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով Արցախի Հանրապետությունը հայտնվել է շրջափակման մեջ է և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:-0-