Արարատի մարզպետի աշխատակազմը մեկնաբանել է 4–րդ դասարանցիներին սպիտակ փոշենման զանգված պարտադրանքով տալու հետ կապված սկանդալը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություններ են տարածվել, որ օրեր առաջ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
«Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն պաշտպանված», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոց՝ տեղում իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և լուծումներ գտնելու նպատակով:
«Իրավապահ մարմիններն արդեն իսկ նախաձեռնել են քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեխաներին սպիտակ փոշիանման զանգված փոխանցելու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ մեկ անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես «Նովոստի–Արմենիա»–ին հայտնել են Քննչական կոմիտեից, քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում», – նշեց Ավդալյանը։
ՔԿ–ից նշել են, որ փորձաքննության պատասխանից է կախված՝ դա եղել է թմրանյութ, թե ոչ։