ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգում բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է։
«Բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է: Խնդրում ենք կրկին ստուգել դպրոցներում առկա ազատ տեղերը», – քիչ առաջ Facebook–յան իր էջում նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել։
Առաջին դասարանցիների առցանց գրանցումը մեկնարկել է 2019թ.–ի մայիսի 15–ին տեղական ժամանակով ժամը 09։00–ին։ hayt.emis.am կայքում։
Կայքում գրանցվելուց հետո ծնողը պետք է 15 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի դպրոց, որտեղ տնօրենը վերջնականորեն կհաստատի գրանցումը։ Հակառակ դեպքում գրանցումը կչեղարկվի և կառաջանա կրկնակի գրանցման կարիք։–0–