«Արա, այ տղա, չափերդ ճանաչիր»․ ԱԺ–ում կրկին քաշքշուկ էր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր լեզվակռիվ է տեղի ունեցել ԱԺ–ում փոխխոսնակ Հակոբ Արշակյանի և ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի միջև, որը վերածվել է քաշքշուկի պատգամավորների միջև։
Իր ելույթի ժամանակ Քոչարյանը մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախը հանձնելու մեջ, ինչպես նաև մեղադրանքներ է հնչեցրել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հասցեին։
Վրդովվելով Քոչարյանի հայտարարություններից՝ Արշակյանը հունից դուրս է եկել։
«Արա, այ տղա, չափերդ ճանաչիր։ Լսիր, ես քեզ ինչ եմ ասում, արա Լևոն։ Նստիր տեղդ ու լսիր՝ ինչ եմ ասում։ Ուրեմն լսիր, մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին, ասում են՝ հայրը թուրք է։ Բայց մենք երբեք այստեղից նման բան չենք ասում: Անունն էլ են ասում: Ասում են՝ անհայրենիք դավաճան են, Արցախը լքել են: Պատերազմական վիճակում Արցախը թողել են, ընտանիքով թողել գնացել են: Մի կոպեկ ո՛չ Ղարաբաղի, ո՛չ ղարաբաղցու համար ոչինչ չեն արել: Ասում են՝ դրանք անհայրենիք դավաճաններ են: Բայց մենք նման բան այստեղից չենք ասում, պահպանում ենք կոռեկտության սահմանները», – ասել է Արշակյանը։
Նա կրկին կոչ է արել Լևոն Քոչարյանին չմիջամտել, չխանգարել, հակառակ դեպքում «դուրս կշպրտի դահլիճից»։
Ընդդիմադիր պատգամավորները վրդովվել են, սկսվել է քաշքշուկ նրանց և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների միջև։