Ապրիլի 1–ից ուժի մեջ է մտնում կենսաթոշակների և նպաստների վճարման նոր կարգ․ նախարարությունն իրազեկում է

09.02.2026, 11:56
Մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ՝ առանց դիմումի
Ապրիլի 1–ից ուժի մեջ է մտնում կենսաթոշակների և նպաստների վճարման նոր կարգ․ նախարարությունն իրազեկում է

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

2026 թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։ 

Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու։ 

«Տեղեկացնում ենք նաև, որ բանկի կողմից սուրհանդակային ծառայության միջոցով առաքվելու են բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների քարտերը` անհրաժեշտության դեպքում նաև սոցիալական աշխատողների ներկայությամբ», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։ 

Նախարարությունից կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ են անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։