Ապաշխարեք և ներում կստանաք. Վլադիմիր Գասպարյանը կոչ է արել ՀՀ իշխանություններին հեռանալ

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կոչ է արել ՀՀ իշխանություններին չվախեցնել մարդկանց «հների վերադարձի փուչ սպառնալիքով», ապաշխարել՝ ներում խնդրելով ժողովրդից և հեռանալ:
«Հենց իշխանությունը հանձնելու խնդիր է դրվում, «քայլիստները»(«Իմ քայլը» իշխող խմբակցության ներկայացուցիչները, խմբգր.) հնչեցնում են մեղադրանքը՝ ուզում եք հները հետ գա՞ն: Միանգամից ասեմ. հները հետ չեն գալու: Այնպես որ, մանիպուլացնել պետք չէ. հները հետ չեն գալու, կգան նորերը, որոնց պետք է փոխանցել հների փորձը»,- նշել է նա Facebook-յան էջում:
Գասպարյանի կարծիքով, ներկայիս իշխող խմբակցության ներկայացուցիչները հրապարակայնորեն և բարձրաձայն պետք է տարբերակեն իրենց բերած լավն ու վատը, որ տվել են երկրին:
«Նույնը պիտի անեն նաև նրանց ադեպտները: Պիտի անցնեն մեղքի գիտակցում-ապաշխարություն-թողություն ճանապարհը: Միայն այդպես ժողովուրդը կդառնա ազգ, հակառակը ամբոխացումն է: Իսկ մեղքերը շատ են՝ հպարտություն, նախանձ, զազրախոսություն, փառատենչություն, սուտ, կեղծավորություն... Բայց ամենագլխավոր մեղքը կռապաշտությունն է: Ու թող ոչ ոք չփորձի հակառակը պնդել. ընդամենը երկու տարի առաջ բոլորս ենք տեսել կռապաշտության հաղթանակը մեր հրապարակներում ու փողոցներում»,- նշել է նախկին ոստիկանապետը:
Գասպարյանն ընդգծել է, որ «այդ այլանդակ ծեսի գաղափարախոսներն ու կազմակերպիչները» պետք է մեղքերի թողություն խնդրեն, և ներում ստանալով՝ հեռանան, որ իրենցից հետո լավը հիշվի:
«Հրապարակավ ընդունեք ձեր մեղքը, ապաշխարեք ու հեռացեք, և ազգ դարձած ժողովուրդը ոչ միայն վատը կների, այլև կհիշի այն լավը, որ բերել եք»,- ամփոփել է Գասպարյանն իր խոսքը: -0-