Անսթափ վիճակում գտնվող բոլոր վարորդները կենթարկվեն պատասխանատվության` ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

27.12.2018, 20:54
Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության:
Անսթափ վիճակում գտնվող բոլոր վարորդները կենթարկվեն պատասխանատվության` ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության:

Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 27-ին Հանրապետության հրապարակում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների շարային ստուգատես։

Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ստորաբաժանումների ղեկավարներ:

Օսիպյանը հրահանգեց ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգն ապահովելիս հանդուրժողականություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ, ծառայության ընթացքում չպետք է լինեն բացթողումներ, այլապես թերացողները խիստ կպատժվեն:
Ճանապարհային ոստիկանությանը հրաման տրվեց խիստ վերահսկողություն սահմանել ճանապարհներին, ոչ սթափ վիճակում գտնվող բոլոր վարորդները պետք է հայտնաբերվեն, ենթարկվեն վարչական պատասխանատվության, մեքենաներն էլ տեղափոխվեն պահպանվող հատուկ տարածքներ:

Հաղորդման մեջ նշվում է, որ ոստիկանությունն այս օրերին կիրականացնի շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝ տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում չխախտել հասարակական կարգը, անսթափ վիճակում չնստել ղեկին ու չխախտել օրենքը: Բոլոր օրինախախտները ենթարկվելու են պատասխանատվության: Ոստիկանությունն անելու է ամեն ինչ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու համար, իսկ տոնական օրերի տոնականության ապահովումը բոլորիս իրավագիտակցության, փոխադարձ հարգանքի ու համերաշխության խնդիրն է»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-