Աննախադեպ ծրագիր. ԶՄՊԿ-ն թողարկում է ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլարի պարտատոմսեր

08.07.2019, 15:57
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Ամերիաբանկի աջակցությամբ,  նախաձեռնել է ՀՀ արժեթղթերի հանրային շուկա մուտք գործելու գործընթաց:
Աննախադեպ ծրագիր. ԶՄՊԿ-ն թողարկում է ավելի քան  50 միլիոն ԱՄՆ դոլարի պարտատոմսեր
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Ամերիաբանկի աջակցությամբ, նախաձեռնել է ՀՀ արժեթղթերի հանրային շուկա մուտք գործելու գործընթաց: Այս մասին հայտնում է կոմբինատի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ԶՊՄԿ-ն պատրաստվում է ՀՀ կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել ՀՀ արժեթղթերի շուկայում ոչ ֆինանսական կազմակերպությունների համար աննախադեպ՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիր:

Загружается новость ... "Лево"

«Սա հերթական նշանակալի քայլն է՝ ուղղված ԶՊՄԿ-ի հանրայնացմանը, որի շրջանակներում համապատասխան իրավական ակտերով նախատեսված պահանջներից առավել ընդարձակ կերպով բացահայտվելու են ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները, զարգացման հեռանկարային ծրագրերը, երկրաբանական և այլ տվյալներ: Ընդ որում, այդ ճանապարհին ամբողջությամբ կհրապարակվի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի և շահառուների ցանկը՝ մինչև վերջին ֆիզիկական անձը՝ անկախ նրանց մասնակցության չափից»,- նշվում է հաղորդման մեջ:

Ըստ հաղորդագրության, տվյալ նախաձեռնությունը վկայում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Ամերիաբանկի հարաբերությունների որակական նոր մակարդակի մասին, համահունչ է ընկերության որդեգրած թափանցիկության, հրապարակայնության ու հանրային հաշվետվողականության քաղաքականությանը և ուղղված է երկրի տնտեսության, մասնավորապես, արժեթղթերի շուկայի և բորսայական առևտրի զարգացմանը:

“Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: ԶՊՄԿ-ը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր:


Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման  հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ` բավարարելով հասարակության պահանջները: Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր: -0-