Անմոռուկը կհայտնվի «Armenia» ավիաընկերության օդանավերի վրա

20.04.2017, 19:43
Armenia ավիաընկերությունն իր ինքնաթիռների վրա անմոռուկ կտեղադրի։
Անմոռուկը կհայտնվի «Armenia» ավիաընկերության օդանավերի վրա
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Armenia ավիաընկերությունը Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին ընդառաջ իր ինքնաթիռների վրա կտեղադրի ողբերգության 100–ամյա տարելիցի միջոցառումների խորհրդանիշ անմոռուկը։

Անմոռուկով ինքնադիռի լուսանկարը Facebook–ում հրապարակել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։ «Մեր օդանավերը ամբողջ ապրիլ ամիսը կթռչեն հենց այս տարբերանշանով»,– գրել է Խաչատրյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-