Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը կալանավորվեց 1 ամիս ժամկետով

07.10.2025, 11:01
Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով
Անհետ կորած  զինծառայողի հորեղբայրը կալանավորվեց 1 ամիս ժամկետով

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մեկ ամսով կալանավորել 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր՝ Արսեն Ղուկասյանին։

«Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով»,- այս մասին սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Ավելի վաղ Սողոյանը գրել էր, որ ս.թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց։

Նրանք պահանջում էին հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։