Անհետ կորած 2–ամյա Տիգրանի հայրիկին զանգել են, երեխայի լացի ձայն միացրել․ ՆԳՆ–ն ճշտել է զանգողի ինքնությունը

12.05.2025, 14:46
ՆԳՆ–ն ճշտել է անհետ կորած 2–ամյա Տիգրանի հայրիկին զանգողի ինքնությունը
Անհետ կորած 2–ամյա Տիգրանի հայրիկին զանգել են, երեխայի լացի ձայն միացրել․ ՆԳՆ–ն ճշտել է զանգողի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ–ից անդրադարձել են Մարմարիկում մայիսի 4–ին անհետ կորած 2–ամյա Տիգրանի պապիկի այն հայտարարություններին, որ երեխայի հայրիկին երկու անգամ զանգել են, միացրել երեխայի լացի ձայն ու անջատել։

Հիշեցնենք, որ 2–ամյա Տիգրանի պապիկը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ իր տղայիս երկու անգամ զանգել են, հենց հեռախոսը միացրել է, երեխայի լաց է եկել ու անջատել են։ Դրանից հետո Տիգրանի հայրիկը հետ է զանգել, չեն պատասխանել, հետո արգելափակել են հեռախոսը։

«Ճշտվել է ահազանգողի ինքնությունը, երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի»,– «Նովոստի–Արմենիա»–ին ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և ոստիկանությունից:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4–ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։

Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։

Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։

Մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային։ Երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։