ԱՄՆ–ն կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին հեռանալ երկրից Հայաստանի և Թուրքիայի տարածքով

13.01.2026, 15:54
ԱՄՆ իշխանությունները Իրանում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ են արել դիտարկել երկրից ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով հեռանալու հնարավորությունը
ԱՄՆ–ն կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին հեռանալ երկրից Հայաստանի և Թուրքիայի տարածքով

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ իշխանությունները Իրանում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ են արել դիտարկել երկրից ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով հեռանալու հնարավորությունը՝ անվտանգային իրավիճակի վատթարացման ֆոնին:

«Բողոքի ցույցերը ողջ Իրանում սաստկանում են և կարող են վերածվել բռնության՝ հանգեցնելով կալանքների և վնասվածքների: Շարունակվում են ճանապարհների փակումները, հասարակական տրանսպորտի խափանումները և ինտերնետի արգելափակումը: Իրանի կառավարությունը սահմանափակել է բջջային, ստացիոնար և ազգային ինտերնետ ցանցի հասանելիությունը: Ավիաընկերությունները շարունակում են սահմանափակել կամ չեղարկել թռիչքները դեպի Իրան և հակառակ ուղղությամբ, ընդ որում՝ մի քանի ընկերություններ դադարեցրել են թռիչքները մինչև ուրբաթ՝ հունվարի 16-ը», — ասված է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ հունվարի 12-ի դրությամբ Հայաստանի ցամաքային սահմանը Ագարակ/Նորդուզ անցակետում մնում է բաց:

«Իրանից Հայաստան մուտք գործող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ է ԱՄՆ վավեր անձնագիր, նրանք կարող են գտնվել երկրում առանց վիզայի մինչև 180 օր», — նշվում է հաղորդագրության մեջ։