Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին ներկայացրել է Եկեղեցի– իշխանություն լարված իրավիճակն ու հակաեկեղեցական գործողությունները
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության առիթով Հայաստան ժամանած օտարերկրյա մի խումբ հյուրերի, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց ներկաներին, անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը՝ նշելով, որ Սուրբ Էջմիածինը նվիրական սրբավայր է համայն հայության համար և պատմության ամենադժվար պահերին օգնել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իբրև Մայր Եկեղեցի իր պատմական առաքելությամբ և հոգածու վերաբերմունքով առանձնակի նշանակություն ունի նաև Հայաստանում ապրող ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու և իշխանության միջև ստեղծված լարվածությանը և հակաեկեղեցական գործողություններին, ի մասնավորի ապօրինաբար ազատազրկված հոգևորականներին ու հայորդիներին առաջադրված անհիմն մեղադրանքներին։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց արցախահայերի ծանր կացությանը և նրանց կարիքներին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչպես նաև Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
Վերջում «Պահպանիչ» աղոթքով օրհնելով ներկաներին` Նորին Սրբությունը հայցեց, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը և պարգևի ապահով ու բարօր կյանք բոլոր ժողովուրդներին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երեկ կայացած «Աղոթքի նախաճաշին», որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու, եզդիական, հրեական, Հայ կաթոլիկ, Հայ ավետարանչական, ասորական, Ուղղափառ եկեղեցիների, մուսուլման և այլ դավանանքների ներկայացուցիչներ։
«Աղոթքի նախաճաշի» հեռահար նպատակն է ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկրի դիտանկյունից, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։ «Աղոթքի նախաճաշ» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին՝ խորհրդածելու, աղոթելու և մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնելու։

