«Ամեն օր ինչ-որ մեկն ինձ վիրավորում է, թևներս չենք քշտում, գնում իրենց ծեծելու»․ Ավինյանը՝ Նոր Նորքի թաղապետին

05.05.2025, 11:49
Ավինյանն այսօր անդրադարձել է Նոր Նորքի թաղապետարանում օրերս տեղի ունեցած միջադեպին
«Ամեն օր ինչ-որ մեկն ինձ վիրավորում  է, թևներս չենք քշտում, գնում իրենց ծեծելու»․ Ավինյանը՝ Նոր Նորքի թաղապետին

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր անդրադարձել է Նոր Նորքի թաղապետարանում օրերս տեղի ունեցած միջադեպին։

Քաղաքապետը նշել է, որ բռնությունն անընդունելի է՝ իր ցանկացած դրսևորմամբ։

Ավինյանի խոսքով, թաղապետարանում տեղի ունեցածը սադրանք էր։

«Տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերն էլ ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել։ Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։ Նմանատիպ սադրանքներին մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված», – ասաց քաղաքապետը։

Ավինյանը նշեց, որ դա եղել է սադրանք, ահռելի քանակի սուտ։

«Այո, դա սադրանք էր, այդտեղ կա ահռելի ծավալի սուտ, եղել են վիրավորանքներ, պարոն Տեր-Մարգարյան: Ամեն օր ինչ-որ մեկն ինձ վիրավորում  է, ինձ, բոլորիս, ամեն մեկիս անհատապես: Թևներս չենք քշտում, գնում իրենց ծեծելու: Դա մեր վարքականոնը չի, դա չի կարող լինել մեր վարքականոնը», – ասաց Ավինյանը։

Անդրադառնալով նրան, որ Տեր–Մարգարյանն իր վարքի համար ներողություն խնդրեց՝ Ավինյանն ասաց, որ գնահատում է վարչական շրջանի ղեկավարի խոսքը։

«Ես հուսով եմ, որ երևանցիները նույնպես կգնահատեն: Իսկ քրեական գործն իր ընթացքով կգնա, և դատարանը կորոշի՝ ով է ճիշտ, և ով՝ սխալ»,-ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 30–ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ակտիվիստ Արթուր Չախոյանի, թաղապետարանի աշխատակիցների ու թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջև։

Ավելի վաղ ակտիվիստ Արթուր Չախոյանը Facebook–յան իր էջում հայտնել էր, որ թալանի մասին տեսանյութ է հրապարակել, ինչից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն ու սպառնացել։

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։Վերոնշյալ 2 անձինք են ակտիվիստ Արթուր Չախոյանը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Մեղադրանք է առաջադրվել նաև վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանին։