Ալեն Սիմոնյանը խոստովանեց, որ «նախանձում է» լրագրողներին

19.01.2026, 14:40
Ալեն Սիմոնյանը պատասխանել է հարցին, թե արդյոք ինքը նախանձում է կառավարության այն անդամներին, որոնց ամանորյա պարգևավճարները զգալիորեն ավելի բարձր էին, քան պատգամավորներինը
Ալեն Սիմոնյանը խոստովանեց, որ «նախանձում է» լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է հարցին, թե արդյոք ինքը նախանձում է կառավարության այն անդամներին, որոնց ամանորյա պարգևավճարները զգալիորեն ավելի բարձր էին, քան պատգամավորներինը։

«Ես միայն լրագրողներին եմ նախանձում, որովհետև ոչ մեկս չգիտենք, թե լրատվական կայքերը որտեղից են ֆինանսավորվում, չգիտենք մեր լրագրողները ով՝ ինչքան աշխատավարձ են ստանում, բայց իրենք չորրորդ իշխանության ներկայացուցիչներ են։ Այս առումով միայն լրագրողներին եմ նախանձում», - ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ խոսքը «չակերտների մեջ դրված նախանձի» մասին է։ 

Անդրադառնալով պարգևավճարներին ՝ Սիմոնյանը նշեց, որ դրանք 2 մասով վճարվող աշխատավարձներ են։ 

«Պատգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է։ Թե 500,000 դրամը կստանա ամեն ամիս, մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր-կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի մեկ այլ բան, դա իր աշխատավաձի մի մասն է», - նշեց Սիմոնյանը։ 

Նա կոչ արեց լրագրողներին չխոսել բարոյականության մասին և սկսել լրագրողների թափանցիկությունից՝ ընդծելով, որ իրենք թափանցիկ են։