Ակտիվիստ Արթուր Չախոյանն ազատ է արձակվել․ փաստաբան

30.04.2025, 21:30
Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ–ում
Ակտիվիստ Արթուր Չախոյանն ազատ է արձակվել․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ակտիվիստ Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, հայտնել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։

Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ–ում։

Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։

Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»,– նշել է Եփրիկյանը։

Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ակտիվիստ Արթուր Չախոյանի, թաղապետարանի աշխատակիցների ու թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջև։ ԶԼՄ–ների հաղորդմամբ, Չախոյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, ունի ձերբակալվածի կարգավիճակ, թաղապետը ձերբակալվածների թվում չէ։ Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ միջադեպով ձերբակալվել է 6 անձ։

Ավելի վաղ ակտիվիստ Արթուր Չախոյանը Facebook–յան իր էջում հայտնել էր, որ թալանի մասին տեսանյութ է հրապարակել, ինչից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն ու սպառնացել։