Աջակցություն զբոսաշրջության ոլորտին. Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 23-րդ միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 13ժին Կառավարությունը հերթական նիստի ժամանակ ընդունել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին առնչվող գործունեության մի քանի տեսակներով զբաղվող կազմակերպություններին:
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նախագիծը զեկուցելիս:
Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտին առնչվող նշված ոլորտների տնտեսավարողների մոտ առաջացած ֆինանսական բարդությունները խնդիրներ են ստեղծել վերջիններիս հետագա գործունեության համար։ Ստեղծված իրավիճակում տնտեսավարողները կարիք ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, արդյունավետ աշխատատեղերը, ինչպես նաև առկա գիտելիքի համակարգերը պահպանելու նպատակով։
Միջոցառման շահառու հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը (տնտեսավարողները), որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը և ապահովում են ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը`
1) 2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է ստորև թվարկված ոլորտներին՝
-
55 - Կացության կազմակերպում
-
56 – Հանրային սննդի կազմակերպում
-
79 - Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ
-
87․1 – Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ,
-
Ընդ որում, վերը նշված ոլորտների դասակարգիչները չհայտարարագրած, սակայն 2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում փաստացի նշված ոլորտներում գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտները կարող են ընդգրկվել միջոցառման շահառուների ցանկում՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների (հաշվարկային փաստաթղթերի և աշխատողների) ուսումնասիրության արդյունքում։ Տվյալ դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտը գրավոր դիմում է ներկայացնում հարկային մարմին և ուսումնասիրության արդյունքներով շահառու համարվելու դեպքում՝ ընդգրկվում է շահառուների ցանկում դիմելու օրվա ամսվանից սկսած։
2) սույն միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել է առնվազն 3 աշխատող։-0-