ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքում ծանր հանցագործությունների կատարման համար կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը կարող էր քաղաքական բաղադրիչ ունենալ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցախումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։
«Առայժմ այդքան էլ հասկանալի չէ` կա, արդյո՞ք, կատարվածում քաղաքական բաղադրիչ։ Բայց դատելով խմբի անդամների թվից, թափից և զինված լինելուց` դրա առկայությունը միանգամայն հավանական է»,– ասաց Իսկանդարյանը։
Նա միաժամանակ նշեց, որ քրեական ֆոնի և ահաբեկչական սպառնալիքների տեսանկյունից Հայաստանը համեմատաբար անվտանգ երկիր է։
Հայաստանն ահաբեկչական սպառնալիքի տեսանկյունից ամենաանվտանգ երկրների ցուցակում է>>
«Պետք է հաշվի առնել, որ կատարվածում կա նաև արտասահմանյան բաղադրիչ, այս պահին սիրիական հետք է երևում»,– ասաց Իսկանդարյանը։
Փորձագետը նշեց նաև ԱԱԾ և Հայաստանի ոստիկանության պրոֆեսիոնալիզմը։
Պարզվել է, որ Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացի, Արթուր Վարդանյանը 2015 թվականին ժամանել է Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր խումբ:
Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում նոյեմբերի 25–ին հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ:-0-