Ադրբեջանի «բնապահպանական բողոքը» Հայաստանի նկատմամբ անհիմն է ճանաչվել

07.02.2019, 20:31
Հայաստանը լիովին կատարել ու կատարում է միջազգային կոնվենցիայի դրույթները:
Ադրբեջանի «բնապահպանական բողոքը» Հայաստանի նկատմամբ անհիմն է ճանաչվել
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի կողմից 2011 թվականին ՄԱԿ–ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովին ներկայացված և «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո, 1991թ.) կոնվենցիայի պահանջների չկատարմանը վերաբերող բողոքն անհիմն է ճանաչվել, հայտնում է Հայաստանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսօր՝ փետրվարի 7- ին կոնվենցիայի Կողմերի միջանկյալ հանդիպման ժամանակ Հայաստանի պատվիրակության ներկայացրած փաստերի հիման վրա ընդունվել է պաշտոնական որոշում, որով հաստատվել է, որ Հայաստանը լիովին կատարել ու կատարում է միջազգային կոնվենցիայի դրույթները և Ադրբեջանի բողոքն անհիմն է համարվել»,– ասվում է հաղորդման մեջ։

Հաղորդվում է, որ «Անդրսահմանային համատեքսում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի շրջանակներում կատարված գործողությունները իրականացվել են Արտաքին գործերի ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ։ -0-