ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառել նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր:
Ժամը 22:30-ի դրությամբ Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ
խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ:
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:–0–