Ադրբեջանական գերությունից ազատ արձակված արցախցի Վագիֆ Խաչատրյանը բժշկական հետազոտության կարիք ունի․ նախարար

14.01.2026, 23:59
Ադրբեջանական գերությունից ազատ արձակված արցախցի Վագիֆ Խաչատրյանը բժշկական հետազոտության կարիք ունի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
Ադրբեջանական գերությունից ազատ արձակված արցախցի Վագիֆ Խաչատրյանը բժշկական հետազոտության կարիք ունի․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Չորեքշաբթի ադրբեջանական գերությունից ազատ արձակված արցախցի Վագիֆ Խաչատրյանը բժշկական հետազոտության կարիք ունի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա այցելել է Վագիֆ Խաչատրյանին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, ուր վերջինս տեղափոխվել էր մի քանի ժամ առաջ, և լրագրողներին պատմել նրա վիճակի մասին։

«Նա ամուր է, վիճակը կայուն է, տրամադրությունը՝ բարձր։ Սպասում է հարազատների հետ հանդիպմանը»,- ասել է Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ այս փուլում Խաչատրյանն ունի լրացուցիչ բժշկական հետազոտությունների կարիք և գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ, ովքեր կգնահատեն նրա վիճակը՝ հաշվի առնելով սիրտ-անոթային համակարգի առկա քրոնիկ խնդիրները։

Անդրադառնալով ադրբեջանական գերությունից վերադարձած մյուս երեք հայերին՝ Ավանեսյանը նշել է, որ նրանք բոլորն էլ կստանան անհրաժեշտ մասնագիտական բժշկական օգնություն։

«Ներկա պահին նրանց վիճակը բավարար է, լուրջ խնդիրներ չեն արձանագրվել»,- հայտնել է նախարարը։

Իր հերթին, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Վագիֆ Խաչատրյանի մոտ նկատվում է քրոնիկ հիվանդության թեթև սրացում, որով նա տառապում է վերջին 15 տարիների ընթացքում։ Ադամյանը զերծ է մնացել մանրամասներից՝ ելնելով բժշկական գաղտնիքի պահպանման նկատառումներից։

«Նա կմնա կլինիկայում, կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ։ Հետագայում, ելնելով նրա վիճակից, կողմնորոշվելու ենք բուժման մարտավարության հարցում»,- նշել է Ադամյանը։

Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։