ԱԱԾ. Զինված խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդում են մնում իրենց կամքին հակառակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.07.2016, 19:16
Երևանում ՊՊԾ գնդի շենքը զավթած զինված խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդում են մնում իրենց կամքին հակառակ, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
ԱԱԾ. Զինված խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդում են մնում իրենց կամքին հակառակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ՊՊԾ գնդի շենքը զավթած զինված խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդում են մնում իրենց կամքին հակառակ, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ, ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում դատավարական և օպերատիվ-հետախուզական եղանակով ձեռք են բերվել հավաստի տվյալներ / այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստացված ձայնագրություններ /, ըստ որոնց՝ հուլիսի 17-ից ի վեր խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ:


«Ընդ որում, այդ անձինք մտավախություն են հայտնել, որ հանձվելու փորձի դեպքում կարող են խմբի այլ անդամների կողմից ենթարկվել հաշվեհարդարի: Ավելին, հուլիսի 27-ի առավոտյան խմբի որոշ անդամներ, չարաշահելով վիրավորներին բժշկական օգնություն ցույց տալու պետության պատրաստակամությունը, պատանդ են վերցրել չորս բուժաշխատողի»,– ասվում է ԱԱԾ հայտարարությունում։

Այս կապակցությամբ ԱԱԾ-ն փաստում է, որ խմբի առավել ակտիվ անդամների ընդգծված ահաբեկչական գործողությունները ներկա պահին սպառնում են ոչ միայն պատանդների, այլև խմբի մյուս անդամների, հատկապես, վիրավորների կյանքին: Ստեղծված նոր իրավիճակում առկա է նշված անձանց կյանքը պաշտպանելու բացարձակ անհրաժեշտություն, ինչը ստիպում է իրավապահ մարմիններին դիմել ահաբեկչական գործողությունները կանխող և խափանող անհրաժեշտ և համաչափ միջոցների:


Հայտարարության համաձայն, հուլիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թե բանավոր, և թե գրավոր ձևով բազմիցս պաշտոնապես նախազգուշացրել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը բռնազավթած խմբին անհապաղ դադարեցնել շարունակվող հանցավոր գործողությունները, մասնավորապես՝ չկրակել, ինչպես նաև զինված դուրս չգալ ՊՊԾ գնդի տարածքից:

Միաժամանակ խմբին նախազգուշացվել էր, որ այս պահանջները չկատարելու դեպքում նրանց նկատմամբ, որպես ծայրահեղ միջոց, կիրառվելու է հրազեն:


Այդուհանդերձ, խմբի որոշ անդամներ անտեսել են նշված պահանջը և, առանց հանձնվելու մտադրության կամ այլ հիմնավոր անհրաժեշտության, զինված դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից, ինչին ի պատասխան նրանց վնասազերծելու նպատակով ձեռնարկվել են իրավիճակից թելադրվող գործողություններ: Սկսված հատուկ միջոցառման ընթացքում խմբի որոշ անդամներ իրավապահների ուղղությամբ արձակել են ինտենսիվ և համատարած կրակահերթեր, ինչի հետևանքով վիրավորվել է իրավապահ մարմնի ծառայող:

Ձեռնարկված համարաժեք գործողությունների արդյունքում վնասազերծվել է խմբի չորս անդամ, որոնցից երկուսը վիրավորվել են, իսկ մյուս երկուսը՝ ստիպված են եղել հանձնվել:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբի անդամներից վճռականորեն պահանջում է` անհապաղ վերացնել վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու բոլոր խոչընդոտները, անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին, վայր դնել զենքը և հանձվել իշխանություններին:

«Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է»,– ասվում է ԱԱԾ հայտարարությունում։

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-