Հայաստանում «Տամիֆլյու» դեղամիջոցի պակաս չկա. Առողջապահության նախարարություն

20.01.2016, 15:36
Հայաստանում «Տամիֆլյու» դեղամիջոցի պակաս չկա, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հայաստանում «Տամիֆլյու» դեղամիջոցի պակաս չկա. Առողջապահության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «Տամիֆլյու» դեղամիջոցի պակաս չկա, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով, դեղամիջոցի բավարար քանակ մշտապես եղել է հիվանդանոցային համակարգում, իսկ հունվարի 13-ից նաև տրվել է պոլիկլինիկաներին` բժշկի նշանակմամբ հիվանդներին անվճար տրամադրելու համար:

«Դեղամիջոցի պակաս չի եղել, այնպես ինչպես չի եղել դեպք, երբ  հիվանդը դրա կարիքը ունենա և չստանա: Մենք սոցիալական ծրագրի շրջանակում ապահովել ենք դեղամիջոցի պահանջարկը և անվճար տրամադրել ենք դրա կարիքը ունեցողներին»,-ասաց Մուրադյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ այս պահին երկրում «Տամիֆլյու» դեղամիջոցի բավարար պաշար կա, որն անհրաժեշտության դեպքում կտրվի հիվանդներին:

Նա ընդգծեց, որ Հայաստանում դեղամիջոցի ներկրման մենաշնորհ չկա, ձեռներեցները կարող են ներկրել այն ցանկացած ծավալով, ցանկության դեպքում այն իրացնել դեղատներում առանց սահմանափակման:

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով, հունվարի 18–ի դրությամբ ՍՇՎ–ով գրանցված 1230 հիվանդներից այս պահին հիվանդանոցում է 982 մարդ, հիվանդանոցում բուժվող երեխաների թիվը 1066–ից կրճատվել է մինչև 890, իսկ 124 հղիներից բժիշկների վերահսկողության ներքո են մնում 94–ը։

Ներկայում Հայաստանում գրանցվել է H1N1 ենթատեսակի գրիպի վիրուսի բարդություններից մահվան 18 դեպք, միաժամանակ, մահացածները տառապել են ուղեկցող այլ քրոնիկ հիվանդություններով։ -0-