ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հոդված է թողարկել այն մասին, որ Հայաստանի հյուսիսային մուտք հանդիսացող Բագրատաշենի մաքսակետում գտնվող հանրային զուգարանները չեն գործում:
Հոդվածում մեջբերում է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «100 փաստ՝ Հայաստանի մասին» ձեռնարկում առանձնացված հանրապետությունում զուգարանների թեման:
«Հանրապետությունում առկա շուրջ 350 ԱԳԼՃԿ-ում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են։ Այս փաստը ես շատ կարևոր եմ համարում զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետև 15 տարի է՝ մեր երկրում քննարկվում է, որ այս զուգարանների պրոբլեմը չի լուծվում», – ասել է Փաշինյանը:
«Այսինքն՝ տուրիզմի զարգացման գլխավոր պայմաններից մեկը՝ զուգարանների առկայությունը, ՀՀ կառավարությունը ապահովեց ընդամենը կազմակերպչական աշխատանքով: Անգամ վերջերս Փաշինյանը շքեղ ռեստորանների տերերին հորդորեց ռեստորանների անմխիթար վիճակում գտնվող զուգարանները կարգի բերել: Բայց պարզվում է՝ ՀՀ ՊԵԿ-ի համար այդ հորդորները ոչինչ են»,- գրում է թերթը:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը արձանագրել է, որ Հայաստանի հյուսիսային մուտք հանդիսացող Բագրատաշենի մաքսակետում գտնվող հանրային զուգարանները չեն գործում: Այդ զուգարաններում ո՛չ ջուր կա, ո՛չ թուղթ այն դեպքում, երբ ավտոբուսներով սահման հատողները ստիպված են ժամերով սպասել մաքսակետում և, բնականաբար, հնարավոր է՝ նաև զուգարանի կարիք ունենան: Բացի այդ, Հայաստանի հետ առաջին կոնտակտը հենց մաքսատունն է. ի՞նչ կարծիք պետք է կազմեն մեր երկրի մասին մարդիկ՝ տեսնելով այս տեսարանը:
Թերթի հոդվածում տպագրվել են նաև լուսանկարներ, որտեղ զուգարանի դռան վրա փակցված է «Не работает» (չի աշխատում) ցուցանակ:
Ավելի ուշ ՀՀ ՊԵԿ-ի Facebook-յան էջում հայտնվել է, գրառում, որտեղ ասվում է, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը հերյուրանք է և դրանում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի սանհանգույցները գործում են և ապահովված են մշտական աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Սանհանգույցների նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում, իսկ հնարավոր խնդիրների դեպքում դրանք ժամանակավորապես զմռսվում են և անհապաղ կարգաբերվում: Հարկ ենք համարում ընդգծել, որ այս պահի դրությամբ մաքսակետի բոլոր 12 սանհանգույցներն աշխատում են: Դրանցից միայն մեկը կարճ ժամանակահատվածով փակ է եղել ընթացիկ նորոգման նպատակով»,- ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:
Որպես հավելում ներկայացվել են նաև Բագրատաշենի մաքսային-կետից արավծ լուսանկարներ, որտեղ զուգարանները բաց են աշխատում են:-0-