Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Հերացի փողոցը, զոհերի մարմինների թվում անճշտություններ կան. ԱՆ–ն պարզաբանում է

31.05.2021, 15:14
Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Հերացի փողոցը,  զոհերի մարմինների թվում անճշտություններ կան. ԱՆ–ն պարզաբանում է
Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Հերացի փողոցը,  զոհերի մարմինների թվում անճշտություններ կան. ԱՆ–ն պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախում զոհված զինծառայողների ծնողներն այսօր փակել էին Հերացի փողոցը, նրանք հայտարարել են զոհերի մարմինների և մասունքների թվի հետ կապված անճշտությունների մասին։

Նշենք, որ Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվում է կենտրոնական դիահերձարանը։

Ոստիկաններին շատ արագ հաջողվեց վերականգնել տրանսպորտի երթևեկությունը, ցուցարարները շարունակեցին ակցիան մայթին։

Նրանք հայտարարեցին, որ առանձին խմբերով կայցելեն բոլոր դիահերձարանները, որպեսզի հստակ տվյալներ ստանան զոհերի մարմինների և մասունքների քանակի մասին։ Կան կասկածներ, որ իշխանությունները երկար ժամանակ թաքցրել են պատերազմի զոհերի մասունքներն արդյունաբերական սառնարաններում` ավելորդ աղմուկից խուսափելու համար։

Ակցիայի մասնակից Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ մի շարք դեպքերում հարազատներին տալիս են զոհերի մասունքները հուղարկավորելու համար, բայց ավելի ուշ հայտարարում են, որ հայտնաբերվել են մարմնի այլ մասեր, որոնք համընկնում են ԴՆԹ–ով։

«Հիմա մենք գնում ենք բոլոր դիահերձարանները, որպեսզի հաշվենք մարմինների և մարմնի մասերի քանակը։ Այսօր մենք կորոշենք վերջնական թիվը, կիմանանք, որ այս պահին մի շարք դիահերձարաններում կան կոնկրետ թվով մարմիններ և մարմնի մասեր, որպեսզի վաղն այդ թիվը չավելանա։ Մենք վերահսկելու ենք, որքան մարմին և մարմնի մասեր են հանձնվել», – ասաց նա։

Ղուկասյանն ընդգծեց, որ այդ թիվը պետք է նվազի և արդյունքում պետք է իմանանք, թե երբ է գործընթացն ավարտվելու։

Նրա խոսքով կան 200 զոհերի մարմինների հետ կապված տվյալների անճշտություններ։

Առողջապահության նախարարության արձագանքը

Այս թեմայով պարզաբանում է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից ոմանց դժգոհությությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը` առողջապահության նախարարությունը հայտնում է.

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին:

«Հարկ է նշել, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին: Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հարկ է նշել, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան: Հարազատների հուզական վիճակից օգտվելով` նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելը ուղղակի անընդունելի է:–0–