ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում ուղղակի կապված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ և սահմանների միջազգային–իրավական հաստատման բացակայության հետևանք է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
«Ընդհանուր ֆոնը, անխոս, վատացնում է կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտը։ Դա իսկապես այդպես է։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես այս խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում ենք տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիային ուղղված աշխատանքի շուտափույթ մեկնարկը` հետագա դեմարկացիայով։ Մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, և հիմա շարունակվում են կոնտակտները արտաքին–քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների գծով, այդ թվում` լարվածության թուլացման նպատակով», – ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը մնում է հարաբերական կայուն։
«Առանձին միջադեպերն օպերատիվորեն լուծվում են հայ և ադրբեջանցի գործընկերների հետ փոխգործակցությամբ։ Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն ֆիքսվում», - ավելացրել է նա։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել իր ներդրումը Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ գրգռիչների վերացման գործում։
Զախարովան հիշեցրել է, որ 2020թ․-ի դեկտեմբերից ռուսական աջակցությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 97 ռազմագերի (81-ը՝ հայկական կողմին և 16-ը՝ ադրբեջանական կողմին)։
«Այդուհանդերձ, այս խնդիրը, ինչպես նաև Բաքվի համար բացարձակն առաջնահերթություն համարվող ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցը դեռ չի հաջողվել վերջնականապես լուծել։ Ռուսական դիրքորոշումն այս հարցում լավ հայտնի է՝ մենք կողմ ենք դրանց շուտափույթ լուծմանը առանց նախապայմանների, առանց փոխադարձ և այլն», - ասել է նա։-0-