ԶՈւ ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է

04.01.2025, 15:00
ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն այսօր առավոտյան ձերբակալվել է
ԶՈւ ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով: 

Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը Facebook–յան իր էջում։ 

«Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամասներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը», – նշվում է Տիրան Խաչատրյանի պաշտպանական խմբի հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է 2024 թվականի հունվարի 15-ին երկու ամսով։ Նա անցնում է որպես մեղադրյալ զենքի գործադրմամբ խուլիգանության քրեական գործով. խոսքը հունվարի 11-ին Կոտայքի մարզի «Արամուս» ռեստորանում կրակոցների և ծեծկռտուքի մասին է։ Միջադեպի հետևանքով ռեստորանի այցելուներից մեկը հրազենային վնասվածք է ստացել և հոսպիտալացվել։ Խաչատրյանը 2024 թվականի մարտի սկզբին գրավի և բացակայելու արգելանքով ազատ է արձակվել կալանքից։