ԶԼՄ–ները հաղորդում են Գորիսի քաղաքապետի բերման ենթարկելու մասին, նա կոչ էր արել փակել Սյունիքի դարպասները ու չթողնել Փաշինյանի մուտքը մարզ

21.12.2020, 09:39
Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել, նա կոչ էր արել փակել Սյունիքի դարպասները ու չթողնել Փաշինյանի մուտքը մարզ
ԶԼՄ–ները հաղորդում են Գորիսի քաղաքապետի բերման ենթարկելու մասին, նա կոչ էր արել փակել Սյունիքի դարպասները ու չթողնել Փաշինյանի մուտքը մարզ
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը , հաղորդում են ԶԼՄ–ները` հղում անելով իրենց աղբյուրներին։

Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է մեկնաբանություն ստանալ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետը նախօրեին երեկոյան կոչ է արել վաղ առավոտից փակել Սյունիքի դարպասները և արգելել Փաշինյանի մուտքը մարզ։

Загружается новость ... "Лево"

Նշենք, որ գիշերը Գորիս են բերվել ոստիկանության մեծաթիվ ուժեր` Փաշինյանի դեմ ակցիան կանխելու համար։

Օրերս Կապանի և Գորիսի բնակիչները մի քանի ժամով փակել էին Երևան տանող միջպետական մայրուղին։ Նրանք բացատրություններ են պահանջում մարզում սահմանագծման աշխատանքների կապակցությամբ, որոնց հետևանքով Ադրբեջանին են փոխանցվում Սյունիքի` ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ։

Այս պահին Փաշինյանը ուղևորվում է Սյունիք` մարզի բնակիչների հետ հանդիպելու համար։

Ինչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9–ին Արցախում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել յոթ շրջաններին հարակից ավելի քան 190 բնակավայր, ինչի արդյունքում Սյունիքի մարզի սահմանները (այդ թվում` Կապան մարզկենտրոնը) հայտնվել են Ադրբեջանի նոր սահմանների հետ անմիջական հարևանությամբ։

Դեկտեմբերի 17–ին սյունեցիները փակել են Կապանի օդանավակայան տանող ճանապարհը` իրավասու մարմիններից պարզաբանումներ պահանջելով Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության կազմակերպման հարցում։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 17–ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, «դրանք հանձնվում են թշնամուն», հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Նա պարզաբանել է, որ դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Բացի այդ, Փարսյանը նշել է, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ:

Նույն օրը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:–0–