ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղվանից ընդդիմությունը ապամոնտաժելու է վրանները, որոնք մեկ ամսից ավելի տեղադրված էին Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում։
«Ամեն ինչ պետք է ծառայի իր նպատակին. Մենք հիմնել ենք վրանային քաղաք՝ հանրահավաքների մշտական տեղ ունենալու և պայքարի առաջնային օջախ ձևավորելու համար։ Դա արվել է համատեղ ջանքերով: Ֆրանսիայի հրապարակն այսուհետ պատկանում է «Դիմադրություն» շարժմանն՝ անկախ նրանից այստեղ վրաններ կան, թե ոչ։ Մենք ցույց տվեցինք, որ մեզ համար փակ փողոցներ չկան, այժմ կարող ենք վստահորեն պնդել, որ վրանային քաղաքը լիովին կատարել է իր խնդիրը, ինչի համար երախտապարտ ենք մեր բոլոր այն արժանավոր հայրենակիցներին, ովքեր այստեղ հերթապահել են։ Բայց հիմա ձեր ներուժն այլ տեղ է պետք: Առաջարկում ենք, հաշվի առնելով մեր ապագա ռազմավարությունը, վաղվանից հավաքել մեր վրանները։ Բայց ցանկացած անհրաժեշտության և ցանկության դեպքում երկու ժամ անց ցանկացած հրապարակում, այդ թվում՝ այս հրապարակում, մենք կվերականգնենք վրանային քաղաքը։ Մեր քաղաքը լուծել է ամենակարևոր խնդիրը, բայց հետագա արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով»,- ասաց նա։
Նրա հայտարարությունը հակասական արձագանքի արժանացավ, հնչեցին թե՛ ծափահարություններ, թե՛ «ոչ, չենք ուզում» բացականչություններ։
Սաղաթելյանը հայտարարեց, որ «Դիմադրություն» շարժման գործողություններն այսուհետ պետք է բխեն դրված նպատակներից ու խնդիրներից, և պետք է պայմաններ ստեղծեն նոր կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումը թույլ չտալու համար և հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի։
Նա նաև թվարկեց, թե ինչին են ուղղված լինելու ընդդիմության մոտակա գործողություններն ու քայլերը.
1. Շաբաթական միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, մասնագիտական քննարկումներ, հանդիպումներ ժողովրդի հետ
2. Մարզային և ոլորտային ստորաբաժանումների ձևավորում, այդ թվում՝ Արցախում և Սփյուռքում
3. Հետևողական աշխատանք բնակչության լայն շերտերի հետ
4. Կոնկրետ չափանիշների հիման վրա կադրային բանկի ձևավորում՝ երիտասարդների ներգրավմամբ, այդ թվում՝ սփյուռքից
5. Մարզերում կոմիտեների ստեղծում
6. Ծրագրային աշխատանք դիվանագիտական կորպուսի հետ
7. Հետևողական աշխատանք անօրինական կալանավորված ակտիվիստների իրավունքների պաշտպանության ուղղությամբ
«Փողոցային պայքարը շարունակվում է իր ինտենսիվությամբ՝ որոշակի փոփոխություններով։ Զուգահեռաբար գիշեր-ցերեկ մենք միջոցներ ենք ձեռնարկում Շարժման ընդլայնման ուղղությամբ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,- ասաց Սաղաթելյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի նրան, որ մոտ ապագայում կարող են տեղի ունենալ վճռական զարգացումներ, իսկ Շարժումը պետք է օպերատիվ արձագանքի ու վերադառնա 24-ժամյա ռեժիմին։
«Այս օրերին շատերն ասում են, թե ով է պատասխանատվություն կրելու, եթե մենք չկարողանանք։ Մենք ձախողման տարբերակներ չունենք: Բոլոր նրանք, ովքեր մոտ մեկ ամիս արդեն մեղավորներ էին նշանակում, խորը հիասթափություն կունենան, քանի որ այս Շարժումը ձախողման տարբերակ չունի։ Այս հարթակից առաջին իսկ օրվանից մենք հստակ հայտարարել ենք, որ մենք և՛ զինվորներն ենք, և՛ մարտիկները այս Շարժման, և կրում ենք ողջ պատասխանատվությունը, հետևաբար պատասխանատվության հասցեն պարզ է՝ ես և իմ ընկերները։ Այս հրապարակում հաղթանակը բոլորինն է, բայց պատասխանատուների հասցեն այլևս չփնտրեք՝ մենք ստանձնել ենք այդ պատասխանատվությունը, հենց նա է մեզ բերել այս հրապարակ»,- ասաց նա։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում