Երևանում վճարովի կայանատեղիների գույնը կփոխվի
20.04.2022,
10:22
Երևանում վճարովի կայանատեղիների գույնը կփոխվի
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սագսյանն ասաց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով օրենքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ:
«Օրենքի նախագիծը կմտնի շրջանառության, կստանա դրական եզրակացություն, կկատարվի փոփոխությունը: Քաղաքացիները արդեն գույնով կկարողանան տարբերակել տվյալ կայանատեղին ծառայողական է, թե ընդհանուր հիմունքներով օգտագործվող վճարովի կայանատեղի»,-ասաց նա՝ հավելելով, որ վճարովի կայանատեղիները կապույտ գույնով կներկվեն:
Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների գծանմուշների մասին հարցին՝ Սարգսյանն ասաց, որ դրանք կսկսվեն իրականացվել 10 օրից՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում:–0–
