Երևանում սպասվող առատ ձյունը կարող է բացասաբար ազդել առօրյա գործունեության, երթևեկության և տեսանելիության վրա․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսման համաձայն, փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 20-23-ը Երևանում սպասվում են ձյան տեղումներ ՝ ջերմաստիճանի անկմամբ մինչև -8-ից -10°C։
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, փետրվարի 20-21-ին կանխատեսվում է առատ ձյուն, ինչը կարող է բացասաբար ազդել ճանապարհային երթևեկության, տեսանելիության և առօրյա գործունեության վրա։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինները ողջ ներուժով ներգրավված են լինելու ձնամաքրման աշխատանքներում։
«Միևնույն ժամանակ հիշեցնում ենք տնտեսվարողներին, որ ավագանու համապատասխան որոշմամբ նրանք պարտավոր են մաքրել և բարեկարգել իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները, իսկ համատիրությունները՝ ապահովել շենքերի մուտքերի հարակից տարածքների մաքրությունը։ Հորդորում ենք վարորդներին ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։