Երևանում նախատեսվում է շտապօգնության ծառայությունը մատուցել մոպեդներով

22.01.2024, 13:13
Երևանում նախատեսվում է շտապօգնության ծառայությունը մատուցել մոպեդներով, հայտնում են քաղաքապետարանից
Երևանում նախատեսվում է շտապօգնության ծառայությունը մատուցել մոպեդներով
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում առաջիկայում նախատեսվում է շտապօգնության ծառայությունը մատուցել նաև մոպեդներով:

Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

«Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և վարեն մոպեդ, ինչպես նաև չափորոշիչները փոխելու: Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում»,- ասաց նա:

Կարապետյանի խոսքով , հունվարի առաջին 18 օրվա ընթացքում շտապբուժօգնության ծառայության կողմից իրականացվել է 19595 կանչ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2423 կանչով կամ 14 տոկոսով ավելի է:

Նա տեղեկացրեց, որ կանչերը 11 տոկոսով ավելացել էին դեռ 2023 թվականի դեկտեմբերին: Կանչերի ընդհանուր թիվը դեկտեմբերին եղել է 26854:

Կարապետյանն անդրադարձավ նաև շտապօգնության չափորոշիչները հաստատելու մասին հարցին:

Նա նշեց, որ յուրաքանչյուր 20 հազար բնակչին նախատեսված է շտապօգնության 1 շարժակազմ:

« Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում, արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, այս պահին աշխատում է 43 շարժակազմ, ուստի դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարին՝ շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով:–0–