Երևանում կկառուցվի ընտանեկան ժամանցի և զվարճանքի այգի` եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներով

23.05.2019, 12:56
Երևանում կկառուցվի ընտանեկան ժամանցի և զվարճանքի այգի` եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներով:
Երևանում կկառուցվի ընտանեկան ժամանցի և զվարճանքի այգի` եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներով

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ հավանություն տվեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելուն:

Ինչպես հարցը ներկայացնելիս նիստի ժամանակ նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, նախագծով ներդրումների ընդահնուր գումարը կկազմի 7,5 մլրդ դրամ:

«Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Երևանում կառուցել ընտանեկան ժամանցի և զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ», – նշեց նախարարը։

Ինչպես նշվում է կառավարության որոշման մեջ, «Պարկ Գրուպ» ՍՊԸ–ն հիմնադրվել է 2017 թվականին։ 1-ին փուլի գործարկումը նախատեսվում է 2019 թվականի 4-րդ եռամսյակում։ Ներկա պահին աշխատակիցները 5-ն են, որոնց միջին աշխատավարձն էլ կազմում է 200 հազ․ դրամ։

«Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 7,5 մլրդ դրամի չափով ներդրում: Հետաձգման ենթակա ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի 4,94 մլրդ դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվում է 0,98 մլրդ դրամ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, սարքավորումների մեծ մասի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հստակեցմամբ՝ հայտնում ենք, որ նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումն կարող է իրականացվել փուլ առ փուլ», – նշվում է փաստաթղթում։

Որոշման մեջ նաև նշվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 350 նոր աշխատատեղ` 200 հազ․ դրամ միջին աշխատավարձով: