Երևանում անցկացված «Կրթությունը Ռուսաստանում» ցուցահանդեսը նոր հնարավորություններ է բացել հայաստանցի ուսանողների համար

26.09.2019, 10:15
Երևանում ավարտվել են կրթական միջոցառումները, որոնց նպատակն էր մասսայականացնել ռուսական մասնագիտական կրթությունն ու Հայաստանում բնակվող հայրենակիցների ու օտարերկրացիների ուշադրությունը գրավել Ռուսաստանում ուսում ստանալուն:
Երևանում անցկացված «Կրթությունը Ռուսաստանում» ցուցահանդեսը նոր հնարավորություններ է բացել հայաստանցի ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ավարտվել են կրթական միջոցառումները, որոնց նպատակն էր մասսայականացնել ռուսական մասնագիտական կրթությունն ու Հայաստանում բնակվող հայրենակիցների ու օտարերկրացիների ուշադրությունը գրավել Ռուսաստանում ուսում ստանալուն: 

Սեպտեմբերի 18-ից 20-ը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղում, Ռոսսոտրուդնիչեստվոյի պատվերով, անցկացվել է «Կրթությունը Ռուսաստանում» ցուցահանդեսը, որի նպատակն էր բարձրացնել հետաքրքրությունը ռուսական կրթության նկատմամբ և ընդլայնել գիտական կապերը: Միջոցառման կազմակերպիչն էր «Շարունակական կրթության ինստիտուտ» բարձրագույն կրթության ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը:

Ցուցադրության հիմնական նպատակն էր ավելացնել հայաստանցի ուսանողների, այդ թվում` ռուսական կրթական կազմակերպություններում սովորող հայրենակիցների թիվը: Միջոցառման շրջանակում հայկական դպրոցների շրջանավարտները և բոլոր շահագրգիռ անձինք հնարավորություն ստացան ծանոթանալ ռուսական բուհերի կողմից իրրականացվող բարձրագույն կրթության ծրագրերին, ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու պայմաններին և կարգին:

 - рис.1

Ցուցահանդեսին մասնակցել են առաջատար ռուսական համալսարանները, որոնք պատրաստում են բարձրակարգ մասնագետներ տեխնիկական, մաթեմատիկական, բնագիտական և հումանիտար գիտություններում` Սանկտ Պետերբուրգի հանքարդյունաբերական համալսարանը, Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանը, Կալուգայի Կ. Է. Ցիոլկովսկու անվան պետական համալսարանը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանը, Ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանը, Սմոլենսկի պետական համալսարանը, Հարավային դաշնային համալսարանը, Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանը, Ա. Ն. Կոսիգինի անվան ռուսական պետական համալսարանը, Կարաչևո–Չերկեսիայի Ու. Դ. Ալիևի անվան պետական համալսարանը և այլն:

«Կրթությունը Ռուսաստանում» ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակում կազմակերպվել են ռուսական բուհերի շնորհանդես, գիտահանրամատչելի դասախոսություններ, լաբորատոր աշխատանքներ` վիրտուալ իրականության ձևաչափով, վեբինարներ rustudy.org նախագծի կայքում, սեմինարներ, ռուսերեն լեզվի ինտերակտիվ խաղեր: Զեկուցողներն էին հայտնի գիտնականներ, ռուսական առաջատար բուհերի ներկայացուցիչներ: 

Ցուցահանդեսին ներկա է եղել 250 մարդ, հեռահար ձևաչափով` 2000 մարդ: Միջոցառման մասնակիցները երախտագիտություն են հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին կրթական միջոցառումների շրջանակում արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև հույս են հայտնել շարունակել համագործակցությունը, որը նպատակաուղղված է Հայաստանում ռուսական կրթության մասսայականացմանը:-0-