Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են՝ ի աջակցություն տավուշցիների

26.04.2024, 10:27
Վաղ առավոտյան Ազատության պողոտան արգելափակվել է խոշոր բեռնատարով։
Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են՝ ի աջակցություն տավուշցիների
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ուրբաթ առավոտյան Երևանի տարբեր շրջաններում ահնազանդության ակցիաներ են անցկացվում՝ ի պաշտպանություն Տավուշի մարզի բնակիչների, ովքեր բողոքում են Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ։

Մասնավորապես, վաղ առավոտյան Ազատության պողոտան արգելափակվել է խոշոր բեռնատարով։ Ինքնաբուխ տեղեկատվական արշավ է իրականացվել Դավթաշեն վարչական շրջանում։ Քաղաքացիներին հաջողվել է 15 րոպեով փակել ճանապարհը։

Հայաստանի–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման մեկնարկի մասին

Ապրիլի 19–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպման ընթացքում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Որոշվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտին հասցնել կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը։
Նշվում է նաև, որ կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:

Ապրիլի 23–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն։