Երևանի քաղաքապետարանը մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել է երկու առավել տարածված տրանսպորտային փաթեթները (ՎԻԴԵՈ)

12.01.2025, 10:54
Երևանի քաղաքապետարանը մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել է առավել տարածված տոմսային փաթեթները տրանսպորտով երթևեկելու համար միասնական տոմսային համակարգի շրջանակում․ ՎԻԴԵՈ
Երևանի քաղաքապետարանը մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել է երկու առավել տարածված տրանսպորտային փաթեթները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել է առավել տարածված տոմսային փաթեթները տրանսպորտով երթևեկելու համար միասնական տոմսային համակարգի շրջանակում, որն ամբողջությամբ ներդրվելու է 2025թ․–ի փետրվարի 1–ից։

«http://transport.yerevan.am կայքում կարող եք ծանոթանալ բոլոր տոմսային փաթեթներին, համեմատել դրանց առանձնահատկություններն ու ընտրել ձեզ հարմար տարբերակը։ Որպեսզի ձեր ընտրությունն ավելի դյուրին լինի, մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել ենք առավել տարածված երկու փաթեթները։ Սա կօգնի ավելի լավ հասկանալ դրանց հնարավորություններն ու արժեքները», – նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Միասնական տոմսային համակարգի մասին

2025 թվականի հունվարի 1-ից Երևանում գործում է միասնական տոմսային համակարգ, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.

* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)

* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)

* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)

* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)

* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)

* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)

Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։

Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։

Արտոնությունների մասին

2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական ​​աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):