Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ

11.03.2024, 14:09
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ։

ԲՈւՀ–ի հայտարարությունը

Ինչպես նշվում է Կոնսերվատորիայի Facebook–յան էջում, այս կապակցությամբ Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։

«Այն ներկայացված է նաև ռազմավարության մշակման հանձնախմբին և գիտկոմի նախագահին։ ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր և ԲՈւՀ-ի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։ Մարտի 6-ի Ռեկտորատի նիստի ժամանակ, ևս մեկ անգամ խնդրվել է դեկանների և ամբիոնի վարիչների միջոցով Կոնսերվատորիայի դասախոսական կազմին տեղեկացնել ԲՈւՀ-ի պաշտոնական դիրքորոշման մասին։ ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։ Այս հարցի լուծումը հնարավոր է միայն մեր միասնական վերաբերմունքը կշռադատված, հիմնավոր և հարգալից ներկայացնելու դեպքում», – նշվում է բուհի հայտարարության մեջ։

Ռեկտորի արձագանքը

Ինչպես mediahub–ին հայտնել է կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, բուհը ոչ մի ծանուցում դեռ չի ստացել։

Նրա խոսքով՝ բոլոր բուհերի միավորման ու ակադեմիական քաղաք տեղափոխվելու մասին քննարկումներ եղել են։

«Ոչ միայն Կոնսերվատորիայի, այլ բոլոր բուհերի միավորման մասին երկու քննարկում եղել է։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք ԿԳՄՍ նախարարին»,- նշել է ռեկտորը՝ հավելելով, որ քննարկմանը ներկա են եղել կոնսերվատորիայի երկու պրոռեկտորները՝ գիտական և ուսումնական մասով։

«Այնտեղ գերմանացի ճարտարապետի հետ հանդիպում է եղել, որը այդ ակադեմիական քաղաքի նախագծողն է։ Այդ հանդիպման ժամանակ էլ մեր պրոռեկտորները հայտնել են իրենց բացասական կարծիքը։ Նրանք ասել են, որ կարող են մի ֆակուլտետ տեղափոխել ակադեմիական քաղաք, բայց ամբողջ բուհը վերածել ֆակուլտետի, չի կարելի»,- նշել է ռեկտորը։

Արվեստի գործիչները դեմ են

Կոնսերվատորիայի փակման մասին տարածվող լուրերին արձագանքել են մի շարք արվեստագետներ։

Կոնսերվատորիայի պրոֆեսոր, վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանի կարծիքով՝ ԲՈՒՀ-երի օպտիմալացման գաղափարը շատ անտրամաբանական է:

Զուտ կոնսերվատորիայի մասով ասեմ, որ անտրամաբանական է այն միացնել որևէ այլ ինստիտուտի: Սա միակ մասնագիտական ԲՈՒՀ-ն է: Այն ունի հատուկ տեղ ու կառուցվածք՝ մասնագիտական լսարաններով, որտեղ երգեհոններ կան, որոնք չի կարելի ոչ մի տեղ տեղաշարժել, գործիքներ կան: Տեղանքն էլ հարմարեցված է այնպես, որ Օպերայի շենքին, Սայաթ-Նովա դպրոցին մոտ լինի: Ամեն բան խելացի կազմակերպված ու դասավորված է: Իսկ այդ ամենը քանդելը միտումնավոր տգիտություն է»,- aysor.am-ի հետ զրույցում ասել է Մայիլյանը:

Նրա պնդմամբ՝ դա ճակատագրական սխալ կլինի:

«Բոլորս մտահոգ ենք և պատրաստ ենք պաշտպանել մեր ԲՈՒՀ-ը: Ես կառավարության քննարկումներին ներկա չեմ եղել և չգիտեմ, թե ինչ գաղափար ունեն: Սակայն կարող եմ ենթադրություններ անել, որ շենքն ինչ-որ մեկին պետք է: Այն գտնվում է կենտրոնում, ասեկոսեներ և անուններ են շրջանառվում, որ շենքը գնող կա: Իհարկե, քաղաքի կենտրոնում այդ հրաշալի շենքը կարող է գեղեցիկ հյուրանոցի համար ծառայել, բայց դա ևս հայրենիքի հանձնում է: Ոչ մի տեսակի բիզնես-գաղափար չի կարող դա արդարացնել: Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս են կարողանում ոչնչացնել հայրենիքի մշակույթը», – նշել է Մայիլյանը՝ կոչ անելով բոլոր երաժիշտներին՝ Հայաստանում ապրող և դրսում բեմեր գրաված, միանալ և պաշտպանել Կոնսերվատորիան։

Ինչպես aysor–ին նշել է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը,  կոնսերվատորիան սպեցիֆիկ հաստատություն է, այնտեղ ամեն ինչ անհատական է: Չեն կարող այդ ամենը կազմակերպել մեկ ուրիշ տեղում: Այդ շենքում ամեն ինչ մտածված է հատուկ կոնսերվատորիայի համար։

«Այստեղ ամեն ինչ հաշվարկված է: Ու հանել այդ ամբողջը, տանել ինչ-որ մեկ այլ վայր ու զրոյից սարքել․ չի կարող նման բան լինել: Մի խոսքով՝ սա հիմարություն է և նշանակում է Կոնսերվատորիայի գլխին փորձանք բերել, վերացնել: Կոնսերվատորիա չի լինի, կլինի երաժշտական ինչ-որ ֆակուլտետ: Դրսում էդպիսի բաներ կան, երևի մերոնք շփոթել են: Դա Կոնսերվատորիա չէ, ես հանդիպել եմ այդտեղի ուսանողների հետ ու ծիծաղս եկել է: Նույնիսկ մեր երաժշտական դպրոցների 7-րդ դասարանի երեխաների ունակությունները չունեին: Մեր Կոնսերվատորիան գերմանական է, սովետական տարիներին են մեր երկրին նվեր տվել, այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները նույնիսկ չունեին: Այդպիսի պատրաստի Կոնսերվատորիա են մեզ տվել: Հնարավոր է՝ այսօրվա Կոնսերվատորիան չունի առաջվա մակարդակը, բայց այն քանդելը հիմարություն է: Այսօր այնտեղից հզոր ջութակահարներ, դաշնակահարներ, երաժիշտներ են դուրս գալիս», – նշել է կոմիտասագետը։

Մեներգչուհի Աննա Պողոսյանն իր հերթին վրդովմունք է հայտնել բուհի փակման մասին լուրերի կապակցությամբ։

«Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան: Սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը: Կոնսերվատորիայի շենքում հանգրվանելու է մի հերթական հյուրանոց, այսինքն` 600 տարի թուրքի աճեցրած գեղջուկների և վաշխառուների սերունդ հայախոսները կտոնեն հերթական հաղթանակը` հայրենավաճառ տականքների իշխանության շնորհիվ: Ավարտվում է և շատ անփառունակ, մի փորձ` հայ ազգին հասցնելու երաժշտական մեծ արվեստի ավետիսը», – նշել է երգչուհին Facebook–յան իր էջում։

Նա ընդգծել է, որ սա ազգային աղետի հերթական մի արար է, որն «արժանանում է «ազգի» լուռ համաձայնության, իսկ իրականում` վերջնական ինքնասպանության»:

«Կոնսերվատորիայի շենքը հատուկ կառուցված է երաժշտական արվեստ ուսուցանելու համար: Այն իրականում մեր ազգի երեսն է, որը շուտով վերածվելու է մի հերթական անառականոցի։ Ազգը արժանի է պետականության, երբ անշարժ գույքի եկամտաբերությունը երկրորդական է արվեստի առջև: Ցավալի է այս ամենը: Չկա արցախցի, ով հրապարակավ դեմ է Արցախի հանձմանը, չկա գեներալ, ով դեմ է բանակի ոչնչացմանը, չկա երաժիշտ, ով դեմ է երաժշտական արվեստի ոչնչացմանը: Սա աղետ էլ չէ, սա ինքնակործանում է», – ընդգծել է երգչուհին։–0–