Երևանի անձրևատար համակարգը հին է և մաշված, էական ներդրումների կարիք կա․ Ավինյան

16.09.2024, 13:06
Երևանի քաղաքապետարանում կրկին անդրադարձել են քաղաքի ջրահեռացման համակարգի խնդիրներին՝ նշելով, որ այն ենթակա է լուրջ վերանորոգման
Երևանի անձրևատար համակարգը հին է և մաշված, էական ներդրումների կարիք կա․ Ավինյան

и Երևանի քաղաքապետարանում կրկին անդրադարձել են քաղաքի ջրահեռացման համակարգի խնդիրներին՝ նշելով, որ այն ենթակա է լուրջ վերանորոգման։

«Սեպտեմբերի 13-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով կրկին ջրի կուտակումներ են տեղի ունեցել քաղաքի բազմաթիվ հատվածներում, այս անգամ՝ ստորգետնյա անցումներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում, փողոցներում... Այս երևույթը կրկին ցույց տվեց, որ (ջրահեռացման) համակարգը կատարյալ չէ, բացթողումներով կառուցված և ենթակա է լուրջ վերակառուցման»,- ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը երկուշաբթի գործակարգավարական նիստի ընթացքում։

Նրա խոսքով, գույքագրվել է քաղաքի ողջ տարածքը, հայտնի են ջրահեռացման համակարգ չունեցող շրջանները։

Նա մատնանշեց, որ սեպտեմբերի 13-ի աշխատանքներին ներգրավված Փրկարար ծառայության, պարեկային ծառայության և ՏԻՄ աշխատակիցների միջոցները բավարար չէին։ Բացի այդ, կենցաղային աղբի հետ խառնված ջրի հոսքերի պատճառով խափանվել են ստորգետնյա անցումներում, օրինակ՝ Վարդանանց փողոցում տեղադրված պոմպային համակարգերը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, էական ներդրումների կարիք կա:

«Այդ ներդրումներն անպայման արվելու են, այս  շաբաթ կառավարությունում այդ թեմայով քննարկում կա», – ասաց Ավինյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 13–ի երեկոյան Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետանքով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել քաղաքում։ Մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներ, գետնանցումներ հեղեղվել էին՝ դառնալով դժվարանցանելի։