Երևանցիները տարակուսում են. Հյուսիսային պողոտայի սուրբծննդյան տոնավաճառի վայրը տեղափոխվել է, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)

27.11.2019, 20:54
Երևանցիները տարակուսում են. Հյուսիսային պողոտայի սուրբծննդյան տոնավաճառի վայրը տեղափոխվել է, քաղաքապետարանը պարզաբանում է. ՖՈՏՈ
Երևանցիները տարակուսում են. Հյուսիսային պողոտայի սուրբծննդյան տոնավաճառի վայրը տեղափոխվել է, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Հյուսիսային պողոտայում 7 տարի անընդմեջ կազմակերպվող սուրբծննդյան տոնավաճառի վայրի տեղափոխությունը նկատելի իրարանցում է առաջացրել սոցցանցերում։ 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Yerevan Christmas Market–ն այնուհետ չի կազմակերպվելու Հյուսիսային պողոտայում։ Այդ լուրն առաջացրեց սոցցանցերի օգտատերերի տարակուսանքն ու վրդովմունքը, նրանք կարծում են, թե Երևանի քաղաքապետարանն արգելել է անցկացնել ամանորյա միջոցառումը։

Քաղաքապետարանի արձագանքը 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու համար կապվեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ։ Նա պարզաբանեց, որ ամանորյա տոնավաճառի արգելքի մասին խոսքլինել չի կարող։

«Տոնավաճառն անպայման կկազմակերպվի, սակայն ոչ թե Հյուսիսային պողոտայում, ինչպես վերջին յոթ տարում էր, այլ` նոր վայրում` «Երևանի 2750»–ամյակի պուրակում` Հանրապետության հրապարակի մոտակայքում», – ասաց նա`հավելելով, որ Հյուսիսային պողոտայում այս տարի տոնավաճառի փոխարեն կկազմակերպվի կրեատիվ տոնածառերի ցուցահանդես։

Միջոցառումների ցանկ

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի վրա: 

Սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. Մասնավորապես Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երևանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի և այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն և այլն: 

Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչն՝ իր նվագախմբով։

Ըստ որոշման, տոնական միջոցառումների կազմակերպման համար նախատեսվում է հատկացնել մոտ 271,8 մլն դրամ (շուրջ 570 հազար դոլար), որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին (ավելի քան 113 հազար դոլար):–0–