ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր տեղի ունեցավ նոր տրանսպորտային համակարգի ներդմանն ուղված ևս մեկ քայլ՝ ստորագրվեց պայմանագիր, որով Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ, գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Facebook-յան իր էջում։
Համաձայն պայմանագրի` ավտոբուսների մատակարարաման ժամկետը սահմանված է մինչև 2023թ․ մարտ -ապրիլ ամիսներ։
Քաղաքապետը նաև հայտնել է, որ նոր տրանսպորտային համակարգի ներդրման համար մինչ այժմ արդեն իսկ իրականացվել են և շուտով ևս կմնեկնարկեն մի շարք գործնական քայլեր։
Մասնավորապես, հստատվել է նոր տրանսպորտային համակարգի երթուղային ցանցը: Ձեռք է բերվել նոր 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսներ: Մոտ օրերս կհայտարարվի մրցույթ ևս 100 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման համար:
«Մինչև միասնական տոմսային համակարգի անցումը նոր ավտոբուսներում ուղեվարձի վճարման համար տեղադրվել են մետաղադրամը ընդունող սարքեր (այս տարի նախատեսվում է համայնքի ենթակայության տակ գտնվող բոլոր տրանսպորտային միջոցներում տեղադրել վերոնշյալ սարքերը)», - նշել է քաղաքապետը:
Նրա խոսքով, 2022թ․ ընթացքում նախատեսվում է երթուղիներից որոշներում ունենալ անկանխիկ վճարման համակարգ, իսկ միասնական տոմսային համակարգի վերջնական ներդնումը ավարտել 2023թ․-ին։
Վարորդները պլանային աշխատավարձից անցում են կատարել կայուն աշխատավարձի. ամսական աշխատավարձը կախված տրանսպորտային միջոցի մեծությունից կազմում է 250 կամ 350 հազար դրամ։
«Այս տարի առաջին անգամ վարորդներին տրամադրվել է առողջապահական ապահովագրության փաթեթից օգտվելու հնարավորություն։ Կառավարության աջակցությամբ մոտ ամիսներին կմնեկնարկեն ավտոբուսների նոր և ժամանակակից հավաքակայանի կառուցման աշխատանքները, որը հագեցած կլինի ավտոբուսների լիցքավորման կայանով», - գրել է Հրաչյա Սարգսյանը։
Նա նաև նշել է, որ կառավարությանը ներկայացվել է տրանսպորտային օրենսդրության փոփոխության փաթեթ, որով հնարավոր կլինի ներգրավել մասնավոր օպերատորներին և իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարել յուրաքանչյուր կիլոմետրի համար։
Քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և վարորդների աշխատանքը վերահսկելու համար պատվիրվել է հանրային տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթեր, իսկ կենտրոնի փաստացի շահագործումը նախատեսված է մինչև տարեվերջ։
Երևանի քաղաքապետի խոսքով, երթևեկության ճիշտ կազմակերպման համար համայնքի կողմից ձեռք է բերվել երթևեկության մոդելավորման ժամանակակից ծրագրային փաթեթ:
«Ստեղծվել են երթևեկության կազմակերպման էլեկտրոնային սխեմաներ: Երևանում մեկնարկել է 252 խաչմերուկներում խելացի լուսացույցերի նախագծային փաստաթղթերի մրցույթի հրապարակաման համար նախապատրաստական աշխատանքներ: Հայտարարվել է մրցույթ 10 նոր ժամանակակից կանգառասրահների ձեռքբերման համար, որը հիմք կհանդիսանա հետագայում բոլոր կանգառասրահների փոխարինման համար», - տեղեկացրել է քաղաքապետը։
Նրա խոսքով, երթևեկության անվտանգությունը ապահովելու համար որոշ հետիոտնային անցումներ լուսավորվել են հատուկ լուսավորությամբ, խաչմերուկներում տեղադրվել են արգելապատնեշներ՝ չթույլատրված վայրերով քաղաքացիների երթևեկությունը սահմանափակելու համար: Մինչ տարեվերջ արդեն տեղադրվա կլինի 103 հատ հետիոտնային կանչովի լուսացույց:
Նա նաև նշել է, որ մետրոպոլիտենում մինչև միասնական տոմսային համակարգի անցումը նախատեսվում է ունենալ անկանխիկ վճարման հնարավորություն։ Մետրոպոլիտենում կապիտալ ծախսերի համար կառավարության կողմից կհատկացվի 500-1000 մլն դրամ։
«Ավտոբուսների ժամանակակից լվացման կայանի ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ: Նախատեսվում է հայտարարել մրցույթ 15 հատ 12 մետրանոց նոր տրոլեյբուսների ձեռքբերման համար», - եզրափակել է քաղաքապետը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում