Վրացական համարանիշերն այլևս ձեռնտու չեն լինի․ ՀՀ–ում խստացվում է օրենսդրությունը ոչ ԵԱՏՄ երկրներից ներկրված մեքենաների համար

30.11.2023, 16:02
Վրացական համարանիշերն այլևս ձեռնտու չեն լինի
Վրացական համարանիշերն այլևս ձեռնտու չեն լինի․ ՀՀ–ում խստացվում է օրենսդրությունը ոչ ԵԱՏՄ երկրներից ներկրված մեքենաների համար
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք վերացնում են արտերկրից մեքենաների «ժամանակավոր» ներմուծման և առանց մաքսազերծման հանրապետությունում շահագործման հետ կապված «բացերը»։

Այս փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ոչ ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրների (մեծամասամբ՝ վրացական համարներով, խմբ․) համարանիշերով շուրջ 9 հազար տրանսպորտային միջոց է շահագործվում Հայաստանում, որոնք չեն անցնում մաքսային ձևակերպում։ Հետևաբար, վարորդները չեն վճարում հարկեր Հայաստանում, այլ վճարում են դրանք արտերկրում։

Ըստ ընդունված օրինագծի, Հայաստանի տարածք ավտոմեքենայի ժամանակավոր ներկրման դեպքում անհրաժեշտ է լինելու հատուկ հաշվեհամարին վճարել գումար, որը հավասար է մաքսային ձևակերպման արժեքին և անհրաժեշտ բոլոր վճարներին։ Այդ գումարը կվերադարձվի ավտոմեքենայի վերաարտահանման դեպքում։

Միաժամանակ դա չի անդրադառնա զբոսաշրջիկների վրա, ովքեր ցանկանում են իրենց ավտոմեքենաներով այցելել Հայաստան։

ՊԵԿ–ի պարզաբանումը

Այս թեմայի շուրջ Պետական եկամուտների կոմիտեից, մասնավորապես հայտնում են․

«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» որոշմամբ` 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանվել է դրամական միջոցներով (փողով) ապահովման պահանջ, այսինքն՝ այդ ամսաթվից հետո երրորդ երկրներում գրանցված տրանսպորտային միջոցների մասով, ներկայում գործող ապահովագրական ընկերությունների միջոցով ապահովում ներկայացնելու փոխարեն, կպահանջվի մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովում` դրամական միջոցների տեսքով:

Նշվածը ենթադրում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի փոխանցում (ներմուծման պահին) ՀՀ պետական բյուջեի 900008000755 գանձապետական հաշվին, որը հետ կվերադարձվի ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում վերաարտահանվելու դեպքում` քաղաքացու դիմումի հիման վրա:

Ըստ էության, նշված որոշմամբ սահմանված դրամական միջոցներով ապահովման պահանջը կտարածվի ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիների վրա, որոնք ՀՀ կժամանեն երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցներով:

Դրամական միջոցներով ապահովում ներկայացնելու պահանջը չի վերաբերի ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնք ՀՀ-ում կամ ԵՏՄ անդամ այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցով կժամանեն ՀՀ, ինչպես նաև երրորդ երկրների այն քաղաքացիներին, որոնք երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցով կժամանեն ՀՀ (վերջիններիս նկատմամբ դրամական միջոցներով ապահովման պահանջը պարտադիր կլինի, եթե երրորդ երկրի քաղաքացին ՀՀ-ում արդեն իսկ ունենալով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոց` ժամանակավոր կներմուծի երկրորդը և ավելին):–0–