Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստի արդյունքում որոշվել է երեք ոստիկանի ազատել ծառայությունից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` նոյեմբերի 14-ին, տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստին մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, իրավաբանական վարչության պետը, հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալը, կառավարության ներկայացուցիչն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:
Ուսումնասիրվել ու քննարկվել են ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
«Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», մյուսներին հայտարարել «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–

