Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից. վարչապետը`Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին (ՎԻԴԵՈ)
12:56
22 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից, որովհետև երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, հորդորե՞լ է իր որդուն` Աշոտ Փաշինյանին հետ վերցնել իր բողոքը, որի շրջանակում հարուցված քրեական գործով կալանավորվել է 44–ամյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ։
«Ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ, մինչև վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ նրա (Աշոտ Փաշինյանի, խմբգր.) հետ զրուցում էի, նա ասում էր, որ ամբողջ նպատակը և խնդիրն այն է, որ ՀՀ–ում իրավական ձևերով լուծվի ամեն ինչ», – ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ ՀՀ–ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ բոլոր հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն։
«Որդիս ինձ ասել է, որ իր ընկալմամբ սա է եղել իմ քաղաքական գործունեության և պայրքարի ամբողջ նպատակը և իմաստը, որից հետո ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմել», – ասաց Փաշինյանը։
Արձագանքելով լրագրողի այն մեկնաբանությանը, որ ցուցարարները բարձրաձայնում են ընտրովի արդարադատության մասին` նկատի ունենալով այն փաստը, որ վարչապետի շարասյան կողմից հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց 1 տարի անց ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ այս դեպքում, երբ հետևանքը ծանր չէ, միանգամից կալանք է կիրառվել` Փաշինյանը նշեց, որ Սոնա Մնացականյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ գործի ընթացքից տեղյակ չէ։
«Շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ։ Միջադեպից հետո հեռախոսազրույց եմ ունեցել վրաերթի արդյունքում զոհված կնոջ հոր հետ, և նա ասել է, որ ակնկալիքն այն է, որ էլի իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ։ Ես չգիտեմ, թե այդ արարքն ինչպես է որակվել և ինչ հոդվածով է նույնիսկ որակվել։ Ես կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունեցել որդուս հետ, որակված է ՀՀ ՔՕ 191 հոդվածով (Մարդուն առևանգելը` անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։ Պատժվում է ազատազրկմամբ 4–8 տարի ժամկետով)», – ասաց Փաշինյանը։
«Որևէ պատճառ չեմ տեսնում, որ այդ գործի ընթացքն օբյեկտիվորեն տեղի չունենա։ Բնության մեջ այդպիսի պատճառ պարզապես գոյություն չունի», – ասաց Փաշինյանը։–0–
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների