«Ո՛չ, հարգելի դատարան». արդարադատության փոխնախարարը՝ վարչապետին, զվարճալի դրվագ կառավարության նիստում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կառավարության այսօրվա նիստում արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Ներկայացնելով նախագիծը` Գրիգորյանը նշեց, որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտի դատական կամ վարչական կարգով վիճարկման դեպքում վարչական ակտի կատարումը չի կասեցվում։
Գրիգորյանի խոսքով, մեր ռազմավարական ուղղություններից է օրենսդրությամբ մաքրել բոլոր այն հնարավոր միջանցքները, որոնք հնարավորություն են տալիս որոշակի իրավունքի չարաշահման դեպքերով ծանրաբեռնել դատական համակարգը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ այս նախագիծը երկար քննարկվել է և տխուր պատմություն ունի։
«Հարյուրավոր դեպքեր ունենք, երբ որ ընթացող շինարարությունների վերաբերյալ ուղղակի ինչ-որ մեկը, ընդհուպ՝ անցորդ, ուղղակի վարչական դատարան է դիմում ու այդ փաստի բերումով շինարարությունը կասեցվում է ու այս պահի դրությամբ մոտավորապես 450 միլիոն դոլարի կանգնած շինարարություն ունենք», – ընդգծեց Փաշինյանը` նշելով, որ դատարանը հնարավորություն ունի շինարարությունը կասեցնելու:
Նա փոխնախարարից հետաքրքրվեց, թե եթե մարդու շինարարությունը հինգ տարի կանգնեցրել են, հետո դատարանը որոշում է, որ սխալ են արել, այդ մարդու վնասները ո՞վ է փոխհատուցում․«Կա՞ նման պրակտիկա», – հարցրեց նա, իսկ փոխնախարարը շփոթեց՝ ասելով՝ ոչ, հարգելի դատարան։
«Արդեն ինձ դատավարության շրջանակներում եմ զգում», – նշեց Գրիգորյանն, ինչին ի պատասխան Փաշինյանը ծիծաղելով ասաց. «Մասնագիտական ա»։
Դա առաջացրեց բոլորի, այդ թվում` վարչապետի ծիծաղը։–0–
Տեսանյութն` «Ազատություն» ռ/կ–ի