«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց կան «կարմիր գծեր»

20.03.2021, 18:14
«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց կան «կարմիր գծեր»
«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց կան «կարմիր գծեր»

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք կանցկացվեն հունիսի 20–ին, շաբաթ օրը կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Նա ասաց, որ կուսակցություն ստեղծելու որոշումը վաղուց էր հասունացել, սակայն ընտրությունների օրը հայտարարելուց հետո գործընթացն արագացվեց և շուտով կանցկացվի նստաշրջան, որի ընթացքում կներկայացվի կուսակցության ծրագիրն ու վարչապետի թեկնածուն։

Հակոբյանի խոսքով, կուսակցությունը հանդես է գալիս «Անվտանգություն, արդարություն, աշխատանք» նշանաբանի ներքո, ինչը պատահական չէ։ Անվտանգության հարցն առաջնային է, քանի որ առանց դրա ոչինչ հնարավոր չէ` ոչ տնտեսության զարգացում, ոչ ներդրումներ, ոչ առաջընթաց։

«Մենք պատահաբար չենք ընտրել «Վերածնվող Հայաստան» անվանումը, քանի որ երկիրը վերածննդի կարիք ունի», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով, ներկա իշխանությունների ապաշնորհ տնտեսական քաղաքականությունը հանգեցրեց Հայաստանի տնտեսության աննախադեպ անկման, երկրի պետական պարտքը 2,5 տարվա ընթացքում ավելացել է 283մլրդ դրամով, իսկ արդյունքներ չկան, բացի պարգեվավճարների տրամադրումից (պետական ծառայողներին, խմբգր.)։

Նա նշեց, որ Հայաստանի ձախողված արտաքին քաղաքականությունը հանգեցրեց պարտության Արցախյան պատերազմում և երկրում առկա սրված իրավիճակին։

Նա նաև նշեց, որ «Վերածնվող Հայաստանն» առաջին հերթին համախմբել է Սյունիքի ներկայացուցիչներին (որի ղեկավարության կազմում ներառվում են Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Տեղ համայնքների ղեկավարներն ու Տաթևի նախկին ղեկավարը, խմբգր.), որոնք ամեն օր իրենց վրա զգում են, թե ինչպես է լինում ապրել թշնամու կողքին, ընդամենը 2 մետր հեռավորության վրա և լուծել սադրանքների, տարածքների կամ ճանապարհների հանձնման հետ կապված հարցերը։

Այլ կուսակցությունների հետ համագործակցության հնարավորության համատեքստում Հակոբյանը նշեց, որ «Վերածնվող Հայաստանը» պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ, բայց կան «կարմիր գծեր»։

«Մեզ համար «կարմիր գծերը», որոնք չենք կարող հատել, «Սասնա ծռերն» են։ Որքան էլ նրանք փորձեն պայքարել Փաշինյանի դեմ, մեզ համար «Սասնա ծռերը» այն գիծն է, որը չի կարելի անցնել։ Անձամբ ես նրանց համարում եմ ահաբեկիչներ և կարծում եմ, որ նրանք պետք է նստեն բանտում», – ասաց Հակոբյանը։

Նա նաև մեկնաբանեց նոր կուսակցության ներկայացուցիչների և նախկին իշխանությունների (ՀՀԿ, խմբգր.) կապը` նշելով, որ նա և «Վերածնվող Հայաստանի» բազմաթիվ անդամներ ավելի վաղ եղել են ՀՀԿ–ից։

«Ես չեմ ափսոսում դրա համար, քանի որ հենց այդ ժամանակ եմ նշանակվել Սյունիքի մարզպետ և կարողացել եմ վերջին տեղից առաջին տեղ բարձրացնել շրջանի ցուցանիշները` ինչպես տնտեսական և սոցիալական զարգացման, այնպես էլ հարկերի վճարման ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցում», – նշեց Հակոբյանը։–0–